Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ազգի և ժողովրդի զենք ու զրահը նրա պատմությունն ու մշակույթի արժեքներն են

Ազգի և ժողովրդի զենք ու զրահը նրա  պատմությունն ու մշակույթի արժեքներն են
11.09.2015 | 11:27

(սկիզբը` այստեղ)

Ի դեպ, պետք է արձանագրել, որ մշակույթի նախարարության և նրա ենթակայությամբ գործող հանրապետության հուշարձանապահպան և ուսումնասիրման 2 ՊՈԱԿ-ների ու նախարարության հուշարձանների պահպանության գործակալության ջանքերով, հուշարձանների պահպանության ու վերականգնման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում որոշ դրական քայլեր են արվել, որոշ համագործակցված աշխատանքներ են իրականացվել նաև Իրանի և Վրաստանի հետ:
Հանրապետության տարածքի հուշարձանների պահպանության ու վերանորոգումների աշխատանքներին էլ բավարար գնահատական տալու համար վերապահումներով պետք է մոտենալ: Քանզի այդ բնագավառում առկա են բազմաթիվ խնդիրներ, անհոգի վերաբերմունք, անիմաստ որոշումներ ու սնամեջ ծրագրեր: Խնդրի վերաբերյալ անցած տարիներին հրապարակավ արտահայտվել եմ բազմիցս:
Այնուհանդերձ մեկ անգամ ևս ընդգծեմ, որ մեր հանրապետությունում հուշարձանների պահպանության գործը պետականորեն սկզբնավորվել է դեռևս 1921 թ. սեպտեմբերին՝ «Հնությունների ու գեղարվեստական հուշարձանների պահպանության կոմիտեի» ստեղծմամբ, որը 1921-22 թթ. գլխավորել է նկարիչ Մարտիրոս Սարյանը: 1923 թ. դեկտեմբերից հնությունների այդ կոմիտեի աշխատանքները («Հայաստանի հնությունների պահպանության կոմիտե») ղեկավարել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: 1930-1936 թթ. կոմիտեն գործել է Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի կազմում, իսկ 1937-1941 թթ.՝ ՀՍՍՀ կենտգործկոմին կից, 1942-43 թթ.՝ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ենթակայության տակ: 1944-50 թթ. այն գտնվել է ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի վարչության և ապա ՀՍՍՀ պետշինի կազմում: Այդ տարիներին էլ հիշյալ կառույցի աշխատանքները գլխավորել են ակնառու գործիչներ Հովսեփ Օրբելին, Վարազդատ Հարությունյանը և Կոստանդին Հովհաննիսյանը: 1978 թ. ապրիլի 19-ի ՀՍՍՀ մինիստրների խորհուրդի հատուկ որոշմամբ, կազմակերպությունը վերակազմավորվեց որպես ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման գլխավոր վարչության։ Այն, ի դեպ, ԽՍՀՄ-ում առաջինն էր, որն առընթեր էր անմիջապես մինիստրների խորհրդին:
Վերջինիս ենթակայության տակ գործում էր հուշարձանների վերականգնումներն ու նորոգումները նախագծող հատուկ գրասենյակ-ինստիտուտ, ուր աշխատում էին և մասնագիտացել էին ավելի քան 200 նախագծող-ճարտարապետներ: Հուշարձանների նորոգումների աշխատանքներն իրականացնում էին Երևանում և տարածաշրջաններում (Լոռի, Գյումրի, Աշտարակ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր) մասնագիտացված գիտաարտադրական արվեստանոցները, հուշարձանների հաշվառման և անձնագրավորման, նրանց պահպանման գոտիները կազմող կազմակերպությունները:
1990-ական թվականներին նորանկախ Հայաստանի մի շարք բնագավառների փլուզումների հետ լուծարվեցին վերոհիշյալ բոլոր գիտաարտադրական արվեստանոցները, նախագծային գրասենյակ-ինստիտուտը, հուշարձանների որմնանկարները նորոգող մասնագիտական խումբը: Չպահպանվեց նաև Մինիստրների խորհրդին առընթեր գործող գլխավոր վարչության կարգավիճակը: Վերջինս 1995 թվականից սկսեց գործել մշակույթի նախարարության ենթակայության տակ: 2002 թվականին այդ կարգավիճակն էլ շատ համարվեց, և գլխավոր վարչությունը վերածվեց մշակույթի նախարարության գործակալության: Միով բանիվ, 1978-ից հետո հանրապետությունում գործող այդ կառույցը, որը գլխավորել են պետական և հասարակական այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Գրիգոր Հասրաթյանը, Ալեքսան Կիրակոսյանը, Լավրենտի Բարսեղյանը, աստիճանաբար կորցրեց իր ձեռք բերած հեղինակությունն ու արդյունավետ գործելու նշանակությունը: Այդ ամենը, ի միջի այլոց, կատարվեց պետականորեն և առանց աչք թարթելու: Դա էլ այն դեպքում, երբ հանրապետության հուշարձանները 85-90 %-ով իրենց պահպանվածությամբ և տեխնիկական վիճակով նորոգումների ու ամրացումների կարիք ունեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ հարյուրավոր եկեղեցիներ և վանական համալիրներ գտնվում են ծայրագույն վթարային վիճակում և օր առաջ ամրակայման կարիք ունեն և տարեցտարի ավելի են խարխլվում: Ցավոք, այդ ամենը իրականացվեց տարերայնորեն, առանց խորամուխ լինելու այդ բնագավառի էության մեջ:
Մի փաստ ևս նկատի ունենանք. հուշարձանների պահպանության պետական ցուցակում ներառված ավելի քան 24000 հուշարձանների պահպանական գոտիներ կազմելու և հաստատելու աշխատանքների ընդամենը 25-30 %-ն է իրականացվել: Հանգամանք, որը մշտապես բազում դժվարություններ է ստեղծում թե՛ իշխանության, թե՛ հուշարձանապահպան մարմինների համար: Եթե վերոնշյալ փաստերը ի մի բերելու լինենք, ապա անվարան կարելի է արձանագրել, որ մենք թե՛ ազգովին և թե՛ պետականորեն այնքան էլ չենք գիտակցում, որ հողածածկ ու հողատակ արված, կիսականգուն ու կանգուն մեր մեծ ու փոքր հուշարձաններում բաբախում են մեր ժողովրդի պատմության ու մշակույթի զարկերակները:
Մեկ այլ փաստ. շուրջ 50 տարի է, ինչ խոսվում է մեր հանրապետության հուշարձանների վերաբերյալ համահավաք գիտահանրամատչելի 10 հատորների հրատարակման մասին: Ծախսվել են բազմամիլիոն պետական միջոցներ և այդպես էլ առայսօր լույս չի տեսել ոչ մի հատոր: Հետո էլ տեղին-անտեղի, պետական մակարդակով և անհատապես ճամարտակում ենք, թե մեր հուշարձանները մեր պատմության ու մեր աչքի լույսն են: Արդյոք դա սնապարծություն չէ՞...
Չեմ վարանի փաստել. հուշարձանների պահպանության գործի կառավարումը, ինչպես վկայում է վերջին 10 տարիների փորձը, մշակույթի նախարարության ենթակայության տակ թողնելը թե՛ աննպատակ է, թե՛ ժամանակի կորուստ:
1990-ականներին հուշարձանների բնագավառի պահպանության և նորոգումների կառուցվածքը պետականորեն փլուզելով և 1995-ին այն մշակույթի նախարարության ենթակայությանը հանձնելով, այդ բնագավառը գցեցինք խոր թմբիրի մեջ, որն առայսօր չի կարողանում նարկոզից դուրս գալ: Հուշարձանների 2003 թվականից վերսկսված նորոգման աշխատանքներն էլ այսօր իրականացնում են շինարարական ոչ մասնագիտական տարբեր ՍՊԸ-ներ ցածր որակներով ու մասնագիտական թերություններով: Վերջին 4-5 տարիներին մասնագիտական թերություններով իրականացվեցին Գառնիի կամրջի, Քոբայրի, Հնեվանքի, Տավուշի մարզի Գանձաքարի ս. Կիրակի մատուռի, Սանահինի, Հաղարծինի, Օձունի տաճարի մասնակի և այլ հուշարձանների նորոգումների աշխատանքները: Հանգամանք, որը պետք է մտահոգի այդ բնագավառի մասնագիտական և պետական պատասխանատու շրջանակներին: Ինչը, սակայն, նկատելի չէ: Իսկ հասարակական ու մասնագիտական կարծիքներն էլ, ցավոք, մեր հանրապետությունում ոչ մի կերպ չեն արժանանում պատասխանատուների ուշադրությանը: Ավելին, դրանք դեմ են առնում պատասխանատու մարմինների քաղաքական ու բարոյական խլություններին: Քանզի, ինչպես հույն իմաստասեր Սոկրատեսն է ժամանակին ասել. «Ով ուզում է՝ փնտրում է միջոց, ով չի ուզում՝ փնտրում է պատճառ»:
Այնպես որ հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես և օգտագործման կառույցը, իմ հաստատ համոզմամբ, մշակույթի նախարարության ենթակայությունից պետք է հանել և ստեղծել առանձին կոմիտե, վարչություն կամ տեսչություն, որի գործունեության ծավալն ինքնին մի առանձին նախարարության գործունեություն է: Բացի այդ, իմ համոզմամբ, հանրապետությունում առժամանակ` 30-40 տարով, պետք է դադարեցվեն հուշարձանների ամբողջական տեսքով վերականգնման աշխատանքները, և դրա փոխարեն պետք է մշակվեն և իրագործվեն հատուկ ծրագրեր-մեթոդներ վթարային վիճակում գտնվող բազմաթիվ հուշարձաններն ամրակայելու, ծածկեր չունեցողները ժամանակավոր ու թեթև ծածկերի տակ առնելու նպատակով: Այլապես դրանց տեխնիկական վիճակը շատ կարճ ընթացքում ավելի կվատանա, և դրանք պարզապես կփլուզվեն մեր աչքի առաջ:
Բնակավայրերի զարգացման ու կառուցապատման, հողօգտագործման առաջին զոհերը հենց անցյալի հուշարձաններն են, մասնավորապես հնագիտական մեծ ու փոքր հնավայրերն ու դամբարանադաշտերը: Վերջին 80-90 տարում հողօգտագործման կամ այլևայլ շինարարական աշխատանքների ժամանակ հենց միայն Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնահատակ ավերվել են ավելի քան 600 հնագիտական մեծ ու փոքր հուշարձաններ: Այդ հուշարձանների մի զգալի մասի ցանկը դեռևս 1982 թե 1983 թ. «Ոզնի» ամսագրում հրատարակեց հնագետ Սանդրո Սարդարյանը: Պեղվող հնավայրերն էլ, մասնավորապես դամբարանադաշտերը, պեղելուց մի քանի տարի անց, պարզապես վերածվում են փոսերի: Իսկ այդ հնավայրերից պեղված նյութերը մի կերպ տեղավորվելով այս կամ այն թանգարանի պահոցներում, տասնամյակներ շարունակ մնում են չհրապարակված և իրենց պատմական տեղեկություն-վկայություններով տևական ժամանակ տեղ չեն գտնում թե՛ Հայաստանի նյութական ժառանգության և թե՛ առհասարակ հայ ժողովրդի պատմության էջերում։
(շարունակելի)

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ